ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը:
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907-13 թթ-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ:
1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1921 թ-ին՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան (բացվել է 2007 թ-ին):
1934 թ-ին ճարտարապետն սկսել է <Մեծ Երևանի> (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով. թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի): Կառավարական տունը և թատրոնի շենքը կանխորոշել և
պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների՝ նախ` Հանրապետության հրապարակի համալիրի, ապա՝ թատրոնի շրջակա տարածքի և Հյուսիսային պողոտայի լուծումները:
Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1549 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: