Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է: 
Նա մեծապես նպաստել է  աշխարհաբար լեզվի ամրապնդմանն ու 
աշխարհիկ գրականության ստեղծմանը:

Ռափայել Պատկանյանն սկզբնական կրթությունն ստացել է հոր՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Նրա պապը՝ Սերովբե Պատկանյանը, նույնպես հայտնի մանկավարժ և բանաստեղծ է, իսկ հորեղբորորդին՝ Քերովբե Պատկանյանը` ճանաչված հայագետ:
1843-49 թթ-ին Պատկանյանը սովորել է Լազարյան ճեմարանում: 1850 թ-ին մեկնել է Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան դպրոցում, օգնել է հորը՝ հրատարակելու արևելահայ առաջին պարբերականը՝ <Արարատ> շաբաթաթերթը, որտեղ էլ տպագրվել են Պատկանյանի առաջին ոտանավորները:
1851 թ-ին ուսանել է Դորպատի համալսարանում, 1852 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1854 թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը, որն ավարտել է 1860 թ-ին՝ թեկնածուի գիտական աստիճանով: 1857 թ-ից անդամակցել է <Երիտասարդ Հայաստան> խմբակցությանը, որի նպատակը Հայաստանի ազատագրումն էր:
1852 թ-ին Մոսկվայում Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ կազմակերպել է <Գամառ-Քաթիպա> (հիմնադիր անդամների անուն-ազգանունների սկզբնատառերով և առաջին վանկերով, Պատկանյանը հետագայում այն դարձրել է իր գրական կեղծանունը) գրական ընկերությունը, որը հրատարակել է արձակ և չափածո շարադրությունների 5 պրակ, հիմնականում` Պատկանյանի հեղինակությամբ: Առաջին պրակը լույս է տեսել 1855 թ-ին՝ <Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են> բնաբանով: Հինգերորդ պրակում տպագրվել է Պատկանյանի <Արաքսի արտասուքը> (1856 թ.) բանաստեղծությունը, որով նա արժանացել է մեծ ճանաչման: Բանաստեղծության մեջ անդրադառնալով հայության պատմական ճակատագրին՝ հեղինակը ժողովրդի գոյության երաշխիքը համարում է քաղաքական ազատությունը.

Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ,-
Ինձ միշտ սըգվոր կըտեսնեք,
Այս է անխախտ իմ սուրբ ուխտ…

<Արաքսի արտասուքը> հայ ազգային-ազատագրական պոեզիայի գլուխգործոցներից է:
1861 թ-ին <Կռունկ հայոց աշխարհին> ամսագրում լույս ընծայած <Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը> քնարաէպիկական պոեմի Վարդանի կերպարով, որը հերոսական մահը գերադասում է նվաստ կյանքից, Պատկանյանը փորձել է ոգեշնչել երիտասարդությանը: Վարդանի երգը հնչում է որպես մարտակոչ.

Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՜լ,
Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել,
Իր օրհասական սուրը մեր կըրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացեք, եղբարք հայեր, ի՞նչ անենք.-
Հիմի է՞լ լըռենք:

<Աղասու մոր երգը> (1862 թ.) բանաստեղծությունը՝ նվիրված <Աբովյանի անմահ հիշատակին>, հայ ժողովրդի քաղաքական զարթոնքի երգ է: Մայրը, որ Հայաստան աշխարհն է, շտապեցնում է որդու՝ հայ ժողովրդի զարթոնքը, վառում նրա սիրտը հայրենասիրությամբ, ատելություն բորբոքում թշնամու նկատմամբ:
Մի շարք բանաստեղծություններում և պոեմներում Պատկանյանը խարազանել է գաղափարազուրկ հայ երիտասարդության օտարամոլությունը, խստագույնս քննադատել հայ հոգևորականներին, որ խաբեությամբ և բռնությամբ հային պահում են խոր թմբիրի մեջ, մերկացրել է ազգասիրության դիմակ հագած ժողովրդի ցեցերին:
Պատկանյանը գրել է նաև արձակ գործեր: Լավագույններից է <Չախու> (1875 թ.) պատմվածքը, որտեղ ներկայացրել է <փոքր մարդու> ողբերգությունը: 1880-ական թվականներին գրած <Ես նշանած էի>, <Փառասերը>, <Տիկին և նաժիշտ> վիպակներում արծարծված են սիրո և ամուսնության, ընտանեկան դաստիարակության և այլ հարցեր:
1867 թ-ից Պատկանյանը հաստատվել է Նոր Նախիջևանում, կնոջ հետ բացել պանսիոն, մանկապարտեզ: 1880 թ-ին հիմնադրել է արհեստագործական դպրոց, որտեղ չքավոր երեխաները տարրական գիտելիքներին զուգընթաց սովորում էին նաև արհեստներ, ստանում անվճար սնունդ ու հագուստ: Մինչև կյանքի վերջը նա եղել է այդ դպրոցի տեսուչը:
Պատկանյանը գրել է նաև դասագրքեր՝ <Նոր այբբենարան հայոց> (1856 թ.), <Մայրենի բարբառ> (1881 թ.), <Այբբենարան հնչակյան ոճով> (1884 թ.), մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմական աշխատություններ, կատարել թարգմանություններ:
XIX դարի 80-ական թվականների բանաստեղծություններում (<Զոհեր>, <Տաճկահայերի օրհասը>, <Երդում>, <Փեսաներ>, <Հայ տղայոց ողբը> և այլն) Պատկանյանը մերկացրել է Օսմանյան կայսրության և ռուսական ցարիզմի հայահալած քաղաքականությունը, հայությանը կոչ արել զորավիգ լինել հայրենիքի փրկությանը: <Վարդապետարան Հայաստանի ազատության> (1883 թ.) ծրագրային գործում ներկայացրել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը, որի թեզերն այսօր էլ արդիական են:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2129 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Բանաստեղծներ