Հայ մեծ գրողը ծնվել է 1935թ. Լոռիում՝ Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։

Առաջին տպագիր գործը <Ահնիձոր> ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղն առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։

1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։

<Մենք ենք, մեր սարերը> վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝ <Աշնան արև> վիպակում։

Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որը ստացավ նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:


Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 746 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: