Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով:

Հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է: Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում: Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն:
Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների: Տարածված են հրաշապատում կամ կախարդական, իրապատում, կենդանական, արկածային, հերոսական-պատմական, կենցաղային-առօրեական հեքիաթները:
Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ: Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական: Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին: Հեքիաթներում չարի և բարու պայքարը մեծ մասամբ ավարտվում է բարու հաղթանակով:
Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ:
Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը: Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն:
Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը:
Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո: Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ <Լինում է, չի լինում>, <Կար, չկար>, <Ժուկով-ժամանակով>, <Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում>, ինչպես նաև նույն վերջաբանը՝ <Երկնքից երեք խնձոր է ընկնում…>, <Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին> և այլն:
Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ: Հայ բանահավաքներն ու բանագետները գրառել և կորստից փրկել են դրանք: Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման աշխատանքներին մեծապես նպաստել են Գարեգին Սրվանձտյանցը, Սարգիս Հայկունին, Տիգրան Նավասարդյանը, Երվանդ Լալայանը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ:
Հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հատկապես արժեքավոր է <Հայ ժողովրդական հեքիաթների> բազմահատորյակը (1958-85 թթ.): Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր հեքիաթները, որոնք հաճախ նույն հեքիաթների տեղային տարբերակներն են: Ուշագրավ է նաև 1980 թ-ին լույս տեսած <Արև հեքիաթ> ժողովածուն, որտեղ զետեղված են մի շարք հեքիաթներ՝ ասմունքող Սուրեն Քոչարյանի մշակմամբ:
1981 թ-ին լույս է տեսել <Հրեղեն ձին> ժողովածուն, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առածներ և ասացվածքներ. իրենց պապիկներից ու տատիկներից, ուրիշ տարեցներից լսելով ու գրառելով՝ դրանք <Պիոներ կանչ> (այժմ՝ <Կանչ>) թերթին էին ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, Այսրկովկասի հայաշատ վայրերից՝ 2–10-րդ դասարանների աշակերտները: Կուտակված նյութն այնքան առատ էր, որ 2003 թ-ին լույս է տեսել նույն ժողովածուի երկրորդ գիրքը՝ <Թագավորի երազները> խորագրով (հավաքող՝ Սերգեյ Վարդանյան):
Աշխարհի լավագույն հեքիաթագիրներից են՝ գերմանական գրականության մեջ՝ Գրիմ եղբայրները (<Հենզելն ու Գրետելը>), ֆրանսիականում՝ Շառլ Պեռոն (<Մոխրոտիկը>), ռուսականում՝ Ալեքսանդր Պուշկինը (<Ոսկե ձկնիկը>), Նիկոլայ Նոսովը (<Անգետիկի արկածները>), Պավել Բաժովը (<Մալաքիտե զարդատուփ>), Յուրի Օլեշան (<Երեք հաստլիկներ>), դանիականում՝ Հանս Քրիստիան Անդերսենը (<Ջրահարսը>), շվեդականում՝ Աստրիդ Լինդգրենը (<Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը>), իտալականում՝ Ջանի Ռոդարին (<Չիպոլինոյի արկածները>), անգլո-ամերիկյանում՝ Ռեդյարդ Կիպլինգը (<Ջունգլիների գիրքը. Մաուգլի>), Օսկար Ուայլդը (<Եսասեր հսկան>), Ռոուել Թոլքիենը (<Մատանիների տիրակալը>), հայ գրականության մեջ՝ Հովհաննես Թումանյանը (<Կռնատ աղջիկը>, <Չախչախ թագավորը>), Ղազարոս Աղայանը (<Անահիտ>, <Զանգի-զրանգի>) և ուրիշներ:
Ե՜վ հայկական ժողովրդական, և՜ աշխարհի ժողովուրդների հեքիաթները մշտապես գրավել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի և այլ գրողների ուշադրությունը, որոնք իրենց գրած, մշակած ու փոխադրած հեքիաթներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են նոր, ինքնատիպ ստեղծագործություններով:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2068 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: