Էռնստ Հեմինգուեյը XX դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից է, կարճ պատմվածքի սկզբնավորողներից:
Էռնստ Հեմինգուեյը 1917 թ-ին ավարտել է դպրոցը և որպես լրագրող աշխատել Կանզաս Սիթիի «Սթար» պարբերականում: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.): Հետպատերազմյան տարիներին գործուղվել է Փարիզ. եղել է «Տորոնտո Դեյլի Սթար» պարբերականի թղթակիցը Եվրոպայում: 

1925 թ-ին լույս տեսած <Մեր ժամանակներում> կարճ պատմվածքների գրքում հայտնվում է Հեմինգուեյի քնարական հերոսներից առաջինը՝ գլխավոր հերոս Նիկ Ադամսը, որը, անցնելով պատերազմի արհավիրքներով, ստեղծագործության ողջ ճանապարհին ուղեկցելու է նրան: Գրքում պատկերված է XX դարի սկզբի երիտասարդ ամերիկացիների աշխարհայացքի ձևավորումը դաժան իրականության ու մահվան սարսափի պայմաններում: Նույն գրքի հաջորդ հրատարակության (1930 թ.) մեջ տեղ է գտել նաև <Զմյուռնիայի նավահանգստում> պատմվածքը, որտեղ Հեմինգուեյը զարհուրանքով խոսել է 1922 թ-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ Զմյուռնիայում թուրքերի կազմակերպած քրիստոնյա բնակչության՝ հայերի և հույների կոտորածների մասին:
Հեմինգուեյի համար բարոյականության չափանիշ են քաջությունն ու արժանապատվությունը, որոնք էլ արտացոլված են «Անպարտելին» (1925 թ.) պատմվածքում և <Տղամարդիկ առանց կանանց> (1927 թ.) ժողովածուում:
<Եվ ծագում է արևը> (1926 թ., նույն թվականին Անգլիայում լույս է տեսել <Ֆիեստա> վերնագրով) վեպում Հեմինգուեյը պատկերել է հետպատերազմյան <ծաղկուն> տարիների <կորած սերնդի> հոգու ցավը, հիասթափությունն ու հուսահատությունը: Վեպի գլխավոր հերոսին՝ Ջեկ Բառնսին, պատերազմը հաշմել է և՜ ֆիզիկապես, և՜ հոգեպես:
Գրողը հռչակվել է <Հրաժեշտ զենքին> (1933 թ.) հակապատերազմական վեպով, որտեղ արտացոլել է կամավոր պատերազմ մեկնած ամերիկացու՝ Ֆրեդերիկ Հենրիի հոգեկան ճգնաժամն ու խեղված ճակատագիրը:
Հեմինգուեյը 1930-ական թվականներին ստեղծագործական խոր ճգնաժամ է ապրել. փորձել է վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործական գեղագիտական սկզբունքները: Այդ շրջանում հրատարակվել են <Մահ կեսօրից հետո> (1932 թ.) աշխատությունը, <Ֆրենսիս Մաքոմբերի երջանկությունը> (1936 թ.), <Կիլիմանջարոյի ձյուները> (1936 թ.) մեծածավալ պատմվածքները: <Ունենալ և չունենալ> (1937 թ.) վեպի թեման դաժան իրականության մեջ գլխավոր հերոսի՝ Հարրի Մորգանի ճակատագիրն է, սեփական իրավունքների համար պայքարող անհատի դատապարտվածությունը:
1937–40 թթ-ին Հեմինգուեյը թղթակից էր Իսպանիայում: Իր հոդվածներում անդրադարձել է իսպանական հեղափոխությանը, հանդես եկել հակաֆաշիստական ելույթներով: <Ում համար է ղողանջում զանգը> (1940 թ.) վեպում պատկերել է Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հերոսի՝ Ռոբերտ Ջորդանի կյանքը. նա հակաֆաշիստ է, պայքարում է ոչ միայն իսպանացիների, այլև մարդկության ազատության համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո Հեմինգուեյի ստեղծագործություններում նկատվել են անկումային տրամադրություններ: Այդ տարիներին գրել է <Գետից այն կողմ, ծառերի ստվերում> (1950 թ.), <Տոն, որ միշտ քեզ հետ է> (1964 թ.) վեպերը, <Կղզիներ օվկիանոսում> (տպագրվել է 1970 թ-ին) անավարտ վեպը:
Մարդու նկատմամբ հավատը գրողն ամրապնդել է <Ծերունին և ծովը> (1952 թ., արժանացել է Պուլիցերյան՝ 1953 թ., և Նոբելյան՝ 1955 թ., մրցանակների) պատմվածքում, որտեղ պատկերել է բաց ծովում մենակ մնացած մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ: Ծերունու կերպարը խորհրդանշական է. աշխարհում միայնակ մարդու պատմություն է, որը բախվում է անարդարությունների, սակայն պայքարում է հանուն լուսավոր ապագայի:
Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը բնակվել է Կուբայում: Ապրելով հոգեկան խոր ճգնաժամ՝ նա ինքնասպան է եղել:
Հեմինգուեյի գործերից հայերեն են թարգմանել Պերճ Զեյթունցյանը, Վահե Միքայելյանը և ուրիշներ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1034 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: