Եթե գիշերը նայեք երկնքին, այնտեղ անպայման կտարբերեք հատկապես պայծառ աստղերի խմբեր, որոնք կազմում են որոշակի պատկերներ: Հազարամյակների ընթացքում մարդիկ այդ խմբերին տվել են անուններ: Այդ աստղերի առանձին խմբերը կոչվում են համաստեղություններ կամ, ինչպես անցյալում են ասել, աստեղատներ: Դրանց մի մասին անուններ տվել են հույները՝ 2000 տարի առաջ, ապա՝ նաև հնդիկ և արաբ աստղագետները: Հայկական լեռնաշխարհի բնակիչներն աստղային երկնքով հետաքրքրվել են վաղ անցյալում. այդ են վկայում համաստեղությունների՝ Հայաստանում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի վաղեմության բազմաթիվ ժայռապատկերներ: Պարզվել է, որ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջի վերջերս բացահայտված  աստղադիտարանում, որտեղ դիտակները հատուկ անցքերով քարեր են, դիտարկումներ են արվել դեռևս 7-8 հզ. տարի առաջ:
Ներկայումս երկնակամարում ճանաչված է 88 համաստեղություն: Նրանց անուններ են տրվել երկնքում այս կամ այն աստղը հեշտությամբ գտնելու նպատակով: Երկրից դիտելիս թվում է, թե համաստեղության աստղերն իրար մոտ են գտնվում, սակայն իրականում նրանց միջև հսկայական տարածություններ կան: Կա միջազգային համաձայնություն, ըստ որի՝ աստղագետները պայմանավորվածություն ունեն համաստեղությունների թվացյալ սահմանների և նրանց պաշտոնական անվանումների վերաբերյալ: Հնում համաստեղություններին տալիս էին կենդանիների, օրինակ՝ Առյուծ (Leo), Կարապ (Cygnus), կամ հին հունական առասպելների հերոսների, օրինակ՝ Պերսևս (Perseus), Անդրոմեդա (Andromeda), անուններ: Վերջերս տրված անվանումներից են՝ Օկտանտ (Octans), Ժամացույց (Horologium) և այլն:
Թե հատկապես ո՞ր համաստեղությունները կարող ենք տեսնել աստղային երկնքում, կախված է տարվա եղանակից, գիշերվա ժամից և դիտման վայրից: Հյուսիսային կիսագնդի բնակչին ավելի հարմար է աստղային երկինքը դիտել ձմեռային երեկոներին: Օրիոն (Orion) կամ Որսորդ համաստեղությունում կան շարք կազմած և Օրիոնի գոտի կոչվող 3 շատ պայծառ աստղեր, որոնց մոտ են գտնվում Ցուլ (Taurus) և Երկվորյակներ (Gemini) համաստեղությունները: Ամառային երեկոներին լավ տեսանելի են Արծիվ (Aquila), Կարապ (Cygnus) և Քնար (Lira) համաստեղությունների 3 պայծառ աստղերը, որոնք, ասես, կազմում են հսկայական եռանկյուն: Այդ 3 աստղերը ձեզ կօգնեն գտնելու մի քանի այլ համաստեղություններ ևս: Հարավային կիսագնդում տեսանելի են բոլորովին այլ համաստեղություններ, օրինակ՝ Հարավային Խաչը (Crux Australis) և Կենտավրոսը (Centaurus):
Մեր նախնիները համաստեղություններին տվել են նաև այլ անուններ. օրինակ՝ Օրիոնը կոչել են Հայկ Նահապետի, Հերկուլես համաստեղությունը՝ Վիշապաքաղ Վահագնի (կայծակի ու ամպրոպի աստված) անուններով: Մեծ Արջն անվանել են Եզներ, Սայլ, Շերեփ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 769 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: