Գևորգյան ճեմարանը հոգևոր բարձրագույն դպրոց է (2003 թ-ից՝ բարձրագույն ուսումնական հաստատություն), բացվել է 1874 թ-ին Էջմիածնում՝ Հայոց Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 

Գևորգյան ճեմարանն ուներ 2 բաժին՝ դասարանական (միջնակարգ՝ 6-ամյա ուսուցմամբ) և լսարանական (բարձրագույն կրթությամբ՝ 3-ամյա ուսուցմամբ): Սկզբում ուսուցանվել է 23 առարկա, որից 9-ը՝ կրոնական, հետագայում դրանց թիվը նվազեցվել է, և ավելացվել են հանրակրթական այլ առարկաներ: Ճեմարանում հատկապես ուշադրության կենտրոնում էին հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն առարկաները: Սաների թիվը հասել է շուրջ 300-ի: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների և հայ բարերարների նվիրատվություններով:
Գևորգյան ճեմարանը մեծապես նպաստել է հայ մշակույթի և գիտության զարգացմանը. հայագիտության ու բանասիրության ոլորտներում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնասիրվել են Էջմիածնի մատենադարանի ձեռագրերը, կազմվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Ճեմարանում դասավանդել են հայ մշակույթի ու գիտության նշանավոր գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Ստեփան Լիսիցյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Գարեգին Լևոնյանը և ուրիշներ: Ճեմարանի երաժշտության ուսուցիչներն էին Կոմիտասը և Քրիստափոր Կարա-Մուրզան, նկարչությանը՝ Վարդգես Սուրենյանցը և Եղիշե Թադևոսյանը: XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ գրողների ու արվեստագետների մեծ մասն ավարտել է Գևորգյան ճեմարանը:
1917 թ-ի դեկտեմբերին ճեմարանը փակվել է, վերաբացվել է 1945 թ-ին: 1995 թ-ին ճեմարանի շենքը, որպես սեփականություն, վերադարձվել է Մայր աթոռին: 1996–97 թթ-ին այն հիմնովին վերանորոգվել է ամերիկահայ բարերարներ Գևորգ և Սիրվարդ Հովնանյանների միջոցներով և վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան): 2000 թ-ին կառուցվել է ննջարանային նոր մասնաշենքը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 786 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: